Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կատարելագործման կախարդական եռանկյունին

Կատարելագործման կախարդական եռանկյունին
30.06.2017 | 00:50

Հունիսի 28-ին «Սպուտնիկ Արմենիա»-ի մամլո սրահում լրագրողների հյուրն էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ և «Ինտեգրացիա ու զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Թեման Հայաստանում խորհրդարանական կառավարման անցման պայմաններում ժողովրդական դիվանագիտության դերն էր:

Միհրան Հակոբյանի գնահատմամբ՝ խորհրդարանական կառավարման պարագայում, բնականաբար, ներքին ու արտաքին քաղաքականության մոդելավորման այլ փիլիսոփայություն է պետք: Երբ խորհրդարանի դերակատարությունը մեծանում է, մեծանում է նաև խորհրդարանի ու պատգամավորների ընդգրկումը արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի՝ փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող պետության համար առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել միայն դասական դիվանագիտության մեթոդներով: Այսօրվա աշխարհը ենթադրում է ավելի արագ գործողություններ, քան անցած տասնամյակներում, տեղեկատվական տեխնոլոգիաներն արագացնում են քաղաքականությունը և այդ պայմաններում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը:

Միհրան Հակոբյանը համոզված է, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծագույն ներուժ ունի՝ ներկայացված լինելով միջազգային հարթակներում: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը պասիվ լիներ, լրջագույն խնդիրներ կունենայինք: «Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ծախսում, որ ԵԽԽՎ-ն ընդունի բանաձևեր, որոնք առաջին հայացքից կարող է թվալ՝ իմպերատիվ չեն և զուտ խորհրդատվական են, բայց Ադրբեջանը փորձում է ստանալ պրակտիկ օգուտներ բարոյական հարթության մեջ: Հուսով եմ ու համոզված եմ, որ խորհրդարանական կառավարմանն ամբողջությամբ անցնելուց հետո մեր խորհրդարանական դիվանագիտության ներուժը ամբողջությամբ կօգտագործվի»՝ եզրափակեց նախախոսքը Միհրան Հակոբյանը:
Արամ Սաֆարյանը նշեց, որ դեռ ԱԺ ընտրություններից առաջ հասարակական հարթակում աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները, հասարակական ակտիվիստները իրենց առաջ խնդիր էին դրել պարզել, թե լրացուցիչ ինչ նոր քայլեր է հնարավոր ձեռնարկել՝ ուժեղացնելու խորհրդարանական դիվանագիտությունը: Խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում անհրաժեշտություն է դառնում որակյալ և գործուն խորհրդարանական դիվանագիտություն ունենալը՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու և նոր հարթակներ ստեղծելու համար:

Արամ Սաֆարյանը կարծում է, որ մեծանում է որակյալ որոշումներ կայացնելու կարիքը, որակյալ դիրքորոշումներ ունենալու համար անհրաժեշտ է, որ հիմնական քաղաքական ուժերն ունենան հիմնավորված, գիտականորեն հղկված, անթերի քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումներ և կարողանան միջազգային ասպարեզում առաջ մղել: Այդ խնդրի լուծման համար Արամ Սաֆարյանն անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները, որ աշխատում են կառուցողական դաշտում՝ նպատակ ունենալով օգնել պետությանը, բարելավել երկրի իմիջը, համագործակցության հարթակ ունենան երկրի հիմնական քաղաքական ուժերի հետ: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահը գծեց համագործակցության եռանկյունի՝ ԱԳՆ, խորհրդարանի քաղաքական ուժեր, ոչկառավարական կառույցներ, և այդ եռանկյունու մեջ հղկել ու կատարելագործել ընդունվող քաղաքական որոշումները: Նշելով, որ ներկայացնում է Եվրասիական քաղաքագիտական ակումբը, որտեղ հարցը փորձագետների հետ բազմիցս քննարկվել է, Արամ Սաֆարյանը նաև իր առաջարկներն արեց: Առաջին՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին կից ստեղծել գիտափորձագիտական ֆորում: Որակյալ փորձագետներից, լուրջ գիտնականներից, հասարակական ճանաչում ունեցող մարդկանցից կազմված այդ խորհուրդը պիտի ուժեղացնի հանձնաժողովի աշխատանքը, նպաստի սոցիալական հենարանի ձևավորմանը, ընդունվող որոշումների որակի բարձրացմանը: Նույնը կարելի է անել Ռուսաստանում՝ մի ծածկի տակ հավաքելով հայտնի փորձագետների, գիտնականների ու հասարակական գործիչների, որ մասնագիտորեն գիտեն Հարավային Կովկասն ու Հայաստանը: Նրա կարծիքով՝ տարին երկու անգամ Հայաստանում ու Ռուսաստանում գումարվող նիստերին պետք է մասնակցեն վերլուծաբաններ, հետազոտողներ, գիտնականներ՝ հնարավորություն ստանալով միմյանց հետ անկեղծ ու շիտակ զրույցներում քննարկել խնդիրները ու լուծումներ գտնել:

Երկրորդ առաջարկը վերաբերում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովին, որը կարող է օգտագործել համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փորձը և տարեկան երկու անգամ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների նիստ գումարել: Արամ Սաֆարյանը հիշեցրեց Սերբիայի օրինակը, որ փորձում է ռուսական ներդրումները ծառայեցնել սերբական տնտեսության զարգացմանը: Սերբիայի խորհրդարանում տարին մեկ անգամ սերբ և ռուս պատգամավորների համատեղ նիստ է գումարվում, որին մասնակցում են ներդրումային ու վարկային մեծ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանը, որ հայտարարել է նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, պետք է հայացքն ուղղի իր ռազմավարական դաշնակցին, գտնելու պետական ու ոչպետական հատվածներում ծավալուն ներդրումներ, որոնք ստանալու ճանապարհին կարևոր քայլ կդառնան երկու խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների տարեկան մեկ անգամ անցկացվող նիստերը: Երրորդ առաջարկն էլ կար: ՌԴ-ում 2010-ականների սկզբին ԳԱԱ համակարգում ստեղծվեց եվրասիական ինտեգրման հարցերի խորհուրդ, որի նպատակն էր համակարգել գիտական հետազոտություններն ու ակադեմիական ներուժը և ծառայեցնել եվրասիական ինտեգրման խնդիրներին: «Մենք կարծում ենք, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում ժամանակն է ստեղծելու եվրասիական ինտեգրացիոն խորհուրդ, որ նպատակ կունենա համակարգել ակադեմիկոսների ուժերը ինտեգրային խնդիրները լուծելու համար: ԳԱԱ նախագահությունը կարող է և այդ խորհրդի քարտուղար նշանակել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանին, որ ռուսական կողմի իր գործընկերների հետ կմեկտեղեն ջանքերը: Ես կարծում եմ, որ առաջիկա ամիսները լուրջ փնտրտուքի ժամանակ են և ուրախ կլինեմ, եթե արևմտյան դաշտում աշխատող մեր գործընկերները նույնպես մտածեն այս խնդիրների մասին՝ նկատի ունենալով, որ նոյեմբերին Հայաստանը շրջանակային համաձայնագիր է ստորագրելու ԵՄ-ի հետ, նոր ձևաչափերով կարելի է ուժեղացնել քաղաքականությունը, նոր կառույցներ ստեղծել, որոնք կնպաստեին եվրոպական ներդրումների զգալի աճին հայկական տնտեսության մեջ: Նոր ներդրումների փնտրտուքը լինելու է առաջիկա երկու-երեք տարիներին մեր իշխանությունների կարևորագույն խնդիրներից մեկը»,- ասաց Արամ Սաֆարյանը: Նա անհրաժեշտ է համարում նոր ճանապարհների, նոր միջոցների ու նոր մեթոդների որոնումը առաջընթաց զարգացում ապահովելու համար: Շեշտակի պետք է մեծացվի և դիվանագետների, և ԱԺ-ի, և հասարակական կազմակերպությունների, և փորձագետների համագործակցությունը Հայաստանի միջազգային իմիջը բարելավելու, նոր ներդրումներ ներգրավելու համար:


«Այս կազմով խորհրդարանն ի զորո՞ւ է այդ հարցերը լուծել» հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը պատասխանեց՝ «Համոզված եմ, որ, այո, ի զորու է, այս կազմով խորհրդարանն արտացոլում է մեր բնակչության, ընտրողների կամքը»: Նա կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականին ակտիվ է քննադատության և առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից: Նա օրինակ բերեց Բուդապեշտում ԵԽԽՎ սեմինարի մասնակցող ՀՀ պատվիրակության աշխատանքը, որի կազմում եղել են ընդդիմադիր ու իշխանական գործիչներ: «Մեր հարևան Ադրբեջանում, օրինակ, խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի: Հայաստանում դա դժվար է, չէ՞, պատկերացնել»,- ասաց նա` վստահություն հայտնելով, որ այս կազմով խորհրդարանը հատկապես արդյունավետ է գործելու արտաքին քաղաքական խորհրդարանական դիվանագիտության հարթակում:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը մեջբերեց Վիկտոր Հյուգոյին` խորհրդարանը կարող էր լինել ավելի լավը, բայց բոլոր ժամանակներում խորհրդարանն այն է, ինչ հասարակությունն ուզում է տեսնել: Նա Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից ողջունեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերլուծական խորհուրդ ստեղծելու որոշումը, ասաց, որ Արմեն Աշոտյանի հետ երկար քննարկել է հարցը և դրական է գնահատում, որ խորհրդարանն ուզում է ազգի ինտելեկտուալ ներուժը ծառայի արտաքին հարաբերություններում երկրի շահերի սպասարկմանը: «Այն, ինչ առաջարկում է պարոն Աշոտյանը` ստեղծել վերլուծական խորհուրդ, սեփական որոշումները հղկելու համար, աճող ինքնիշխանության դրսևորում է, միշտ չէ, որ ընդունված որոշումներն ընկալված, հասկացված և երկրի շահերին ծառայեցված են լինում»՝ ասաց նա` հավելելով, որ քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը միայն կնպաստի որոշումների որակի բարձրացմանը՝ հասարակության ինտելեկտուալ հատվածի աջակցությունն է պետք: Արամ Սաֆարյանը կարևորեց և լրատվամիջոցների դերը, որ պիտի կարողանան համարժեք լուսաբանել իրադարձությունները: Բնականաբար եղան և պատասխանվեցին նաև այլ հարցեր, որոնք պտտվում էին նույն շրջագծում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հավարտ ասուլիսի՝ Արամ Սաֆարյանին հարցրի.
-Ձեր երեք առաջարկների օգտակար գործողության գործակիցը տեսնո՞ւմ եք:
-Ես համոզված եմ, որ Հայաստանում կա ինտելեկտուալ մեծ ներուժ, որը պահանջարկված և օգտագործված չէ: Այդ ներուժն օգտագործելու համար իշխանությունը, որպես իրավիճակի պատասխանատու, պետք է ջանքեր գործադրի: Եթե իշխանությունը մեզ համագործակցության ձեռք է մեկնել, մենք, բնական է, այդ ձեռքը պետք է սեղմենք: Ես կարծում եմ, որ հասարակական դաշտում մեծ մասն ինձ նման է մտածում, միայն փոքր մասն է, որ քաղաքական կամ այլ պատճառներով մինչև վերջ պայքարի ճանապարհով է գնում: Բոլորն էլ հասկանում են, որ այսօր Հայաստանի վիճակը շատ վատ է, բազում սպառնալիքներ ու մարտահրավերներ կան, և ինչպես բոլոր ժամանակներում, մեզ համար ակտուալ են մնում համերաշխության ու համագործակցության խնդիրները: Որտեղ ուժեղ են եղել իշխանություն-հասարակություն համագործակցության հիմքերը, այդտեղ արդյունքներ ենք գրանցել, հաջողություններ են եղել: Ես համոզված եմ, որ եթե խորհրդարանն ուզում է լինել ավելի պատասխանատու և կարևոր դերակատար միջազգային հարցերում, պետք է համագործակցի հասարակական ուժերի հետ: Մենք որպես Եվրասիական փորձագիտական ակումբ, որպես «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ՝ պատրաստ ենք օգնել ԱԺ-ին ավելի որակյալ դիրքորոշումներ ձևավորելու համար:
-Խորհրդարանական դիվանագիտությունը ի՞նչ խնդիրներ է իր առաջ դնում, և ի՞նչ խնդիրներ է լուծում ԱԳՆ-ն: Համագործակցության եզրեր կա՞ն:
-Առանձին խոսակցության թեմա է ԱԳՆ-քաղաքացիական հասարակություն խնդիրը: Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է ավելի որակյալ դառնա խորհրդարանական դիվանագիտությունը, երկրորդ՝ ԱԺ-ԱԳՆ կապը, երրորդ՝ եռանկյունի պիտի ձևավորվի՝ ԱԺ-ԱԳՆ-քաղհասարակության ինստիտուտներ: Ես դիվանագետ եմ եղել, և լավ գիտեմ դիվանագետների շրջանում տարածված տեսակետը, որ իրենցից լավ իրավիճակը ոչ ոք չգիտի ու չի կարող իմանալ: Բայց ակնհայտ է, որ դասական դիվանագիտությունն իր տեղն ունի, ժողովրդական դիվանագիտությունը՝ իր: Իբրև պատգամավոր ես հաջողություններ եմ գրանցել ժողովրդական դիվանագիտության առումով, երբ աշխատել եմ ԱԳՆ-ի հետ, երբ հարցը դրվել է, թե ով է ավելի ճիշտ, ով է ավելի հաջողակ, ավելի իրատես, չի եղել հաջողություն:
-Ժողովրդական դիվանագիտության շրջանակներում ինչպե՞ս եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հարցը:
-25 տարի է՝ այս հարցը միջազգային օրակարգում է, և եթե մենք կարծում ենք, որ խնդիրը իրեն-իրեն լուծվելու է, չարաչար սխալվում ենք: Լուրջ ջանքեր ու ռեսուրսներ են պետք, լուրջ աշխատանք է պետք: Եթե թերանանք ռեսուրսների ու աշխատանքի հարցում, արագ զգալու ենք բացասական ազդեցությունը: Ես կարծում եմ՝ մենք ի վիճակի ենք սատարելու ԱԺ հիմնական քաղաքական ուժերին, հանձնաժողովներին ու պատվիրակություններին, որ նրանց համար լինենք որակյալ խորհրդատվության օբյեկտ՝ քննարկումներ, նոր մոտեցումներ, հայտարարություններ, հրապարակումներ: Պատգամավորին պետք է պատրաստել իր աշխատանքին, ինչպես ցանկացած մարդու: Եթե դու նեղացած չես, խրտնած չես քո սեփական երկրից, նրա իրողություններով կարող ես ապրել ու նպաստել, որ այդ իրողությունները դառնան հաջողություններ:

Դիտվել է՝ 7235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ